-
09.08.2023|
00:01
Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
08.08.2023|
00:01
Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
07.08.2023|
00:01
Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
06.08.2023|
00:01
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
05.08.2023|
00:01
Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝բազմամեղիս:
-
04.08.2023|
00:01
Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
03.08.2023|
00:04
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դու՛ հոգա և պատրաստիր իմ հոգու և
մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
02.08.2023|
00:01
Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե
ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս,
որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
01.08.2023|
00:01
Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի
պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու
մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
31.07.2023|
00:01
Արքա՛ երկնավոր,տու՛ր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրու՛ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: